ՄԵՂՔ
Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:
Կենդանիներն իրար միս են ուտում բառի բուն իմաստով, մարդիկ իրար միս են ուտում բառի շուն իմաստով:
Ի վերջո, գայլն էլ է ուզում ընկնել դրախտ. չէ՞ որ բոլոր ոչխարներն այնտեղ են:
Ավելի լավ է ողորմություն չտալուց տանջվես, քան տալուց հրճվես:
Աստծուն քծնելով հավատացյալ չես դառնա:
Պետք չէ պայքարել արդարության համար. պետք է ուղղակի արդար ապրել:
Մի փոքրիկ մեղքի վտակով էլ դու հասնում ես մեղքի օվկիանոսին:
Խիղճը նման է կատվի. ինչքան էլ ուզում ես կորցնել, հետ է դառնում ու սրտիդ դուռը ճանկռտում:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)